<< . . . Օ ՍՊՈՐՏ, ԴՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՍ >>

12:37 - 06 Ապր, 2026

Այսօր օլիմպիական խաղերի վերածննդի օրն է։ 

Ժամանակակից օլիմպիական  առաջին խաղերը տեղի են ունեցել 1896թ.  ապրիլի 6-ին։ Այս տարի լրանում է այդ խոշոր մարզական իրադարձության 130 -ամյակը: 

Խաղերի վերածնման հիմնական գաղափարը ընդհանուր զինադադարն էր մրցումների ընթացքում։ Հետևաբար, «նոր» օլիմպիական խաղերի կարգախոսը հնչում էր այսպես. «Աշխարհի երիտասարդները պետք է իրենց ուժերը չափեն սպորտում և  ոչ՝  մարտադաշտում»:

Միավորված ազգերի կազմակերպությունը   / ՄԱԿ /  2013թ. օգոստոսի 23 –ին տեղի ունեցած համաժողովի մասնակիցների  միաձայն քվեարկությամբ   ապրիլի 6 –ը հայտարարեց սպորտի միջազգային օր: Դա կարևոր իրադարձություն է,  որը  ուրվագծում է բարեկամություն, հարգանք և այլ համամարդկային արժեքներ:

Ոմանց համար սպորտը ակտիվ և առողջ կյանքի մշտական բաղադրիչ է, ոմանց համար՝  դիտարժան հանդիսություն:

Սպորտի գրավչության շնորհիվ շատերն  այդ բնագավառն  են ընտրում և այն դարձնում իրենց կյանքի ուղենիշը, այսինքն՝ մասնագիտությունը։

Եթե ընտրվում է սեփական ունակություններին, նախասիրություններին  և բնավորությանը համապատասխան մարզաձև, և եթե համառ ես, նպատակասլաց, ողջամտորեն համատեղում ես սպորտը ուսման հետ, ապա կարող ես շատ բանի հասնել, նույնիսկ օլիմպիական  պատվանդան բարձրանալ:

Մեծ հպարտությամբ հիշենք հայրենական սպորտի նահապետ, մեծն Հրանտ Շահինյանի օրինակը: Նա օլիմպիական խաղերի մեր առաջին ծիծեռնակն է,   ով  1952թ. Հելսինկիի օլիմպիական խաղերում, սպորտային մարմնամարզության մրցաշարում,  նվաճեց երկուական ոսկե և արծաթե մեդալ:  

Նրա բացած  արահետով են գնացել հայաստանցի  ևս 14 մարզիկներ: Էլ չենք խոսում  արծաթե և բրոնզե մեդալակիրների մասին:

Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  շնորհավորում  է  մեր բոլոր օլիմպիականներին, մարզիկներին, մարզասերներին և առողջ ապրելակերպի կողմնակիցներին:

Այլ նորություններ